Լրահոս

16.02.2012 10:16


Կայացել է բնապահպանների և Երևանի քաղաքապետի հանդիպումը՝ բնապահպանները դժգոհ են

Կայացել է բնապահպանների և Երևանի քաղաքապետի հանդիպումը՝ բնապահպանները դժգոհ են

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Անահիտ Բախշյանի խնդրանքով, ընդունել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում`պուրակին հարակից ոչ կանաչ գոտում  տեղադրվող ժամանակավոր շինությունների դեմ բողոքող հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է  նաև բնապահպան Կարինե Դանիելյանը:

Անդրադառնալով վերոնշյալ տարածքի քաղաքաշինական լուծումներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ, ի տարբերություն  Աբովյան փողոցի արդեն ապամոնտաժված շինությունների, որոնց տերերն ունեին սեփականության իրավունք, տվյալ սեփականատերերի հետ բանակցությունների արդյունքում, նոր տարածքում ժամանակավոր կառույցները տրամադրվել են վարձակալության իրավունքով: Միաժամանակ, տնտեսվարող սուբյեկտները պարտավորվել են բարեկարգել, խնամել և պատշաճ վիճակում պահել հարակից տարածքները:

Տարոն Մարգարյանը նշել է, որ նոր ձևավորվող քաղաքաշինական խորհուրդը, որում ներկայացված կլինեն նաև հասարակական և երիտասարդական կազմակերպություններ, իր հերթին կնպաստի հանրային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական բոլոր նախագծերի համակողմանի քննարկմանն ու որոշումների կայացմանը:

Օգտվելով առիթից` քաղաքապետը նաև նշել է, որ, որպես խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ, առաջարկելու է բնապահպան Կարինե Դանիելյանի  թեկնածությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ քաղաքային իշխանությունները վճռական են ոչ միայն կանաչ տարածքների պահպանման ու ընդլայնման,  այլ նաև հնի և նորի համադրմամբ Երևանի քաղաքակիրթ արտաքին տեսքի ապահովման հարցում: Այս համատեքստում է դիտարկվում նաև քննարկվող տարածքը, որն, ըստ էության, «Հին Երևան» ծրագրի բաղկացուցիչ մասն է: Նկատի ունենալով այս հանգամանքը` ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարկել է կազմակերպել հանդիպում և  շահագրգիռ կողմերին հանգամանորեն ներկայացնել «Հին Երևան» ծրագիրը:

Նախօրեին ձեռք բերված պայմանավորվածության  համապատասխան` քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Անահիտ Բախշյանի, ինչպես նաև հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ ապահովելով շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը:

Նարեկ Սարգսյանը մանրամասն ներկայացրել է «Հին Երևան» ծրագիրը և մեկ անգամ ևս պարզաբանել, որ քննարկվող  հատվածում կանաչապատումն ու այդ տարածքում ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում են հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան:
Նախորդ օրը քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների բարձրացրած հարցի առնչությամբ Նարեկ Սարգսյանը նշել է, որ կատարած տեղազննման արդյունքում հարցի վերաբերյալ քաղաքապետի կողմից համապատասխան հանձնարարական է տրվել։ 

Երևանի գլխավոր ճարտարապետը նաև շեշտել է, որ քննարկվող տարածքը «Հին Երևան» ծրագրի անմիջական ազդեցության գոտում է:  Ինչ վերաբերում է ժամանակավոր շինությունների տեղադրմանը, ապա մեկ անգամ ևս շեշտվել է, որ դրանք իրականացվում են քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան:
Ի դեպ նշենք, որ բնապահպանները անարդյունավետ են համարում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ երկուշաբթի երեկոյան ունեցած հանդիպումը: 

Այս խորագրի վերջին նյութերը